Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դոմինո» գործակալությունը աչքակապությամբ է զբաղված

«Դոմինո» գործակալությունը աչքակապությամբ է զբաղված
05.10.2013 | 13:06

Այս ամառվանից ինձ մնաց Ֆրանսիան և Ուռեկին: Առաջինը` իր ազգային-մշակութային հմայքներով, երկրորդը` սպասարկման հայախառն աջափսանդալով: Ընկերուհուս առաջարկը` միասին հանգստանալու միտքը գայթակղիչ էր: Տուրգործակալություն փնտրեցինք Ուռեկիում դեսուդեն չընկնելու համար: «Դոմինո» տուրիստական գործակալություն դիմեցինք: Տերը` Արկադի անունով տղամարդը, ում կարճ Ակո են ասում, վստահեցրեց, որ ամեն ինչ հրաշալի է` լուսավոր սենյակներ, մաքուր զուգարան-լոգարան, փափուկ անկողին, որակյալ սառնարաններ, աման-չաման, մի խոսքով` դրախտ: Ակո-Արկադին ցույց տվեց քոթեջի ներսն ու դուրսը պատկերող լուսանկարներ, որոնցում ամեն ինչ մաքուր էր ու նոր: Բայց, ինչպես ասում են` ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում: Առաջին փաստը, որին տեղում բախվեցինք, չորս հոգուս երեք տեղանոց սենյակ խցկելն էր, ուր ավելացված էր մեկ ծալովի մահճակալ: Մեր զարմանքին, թե երկու երկտեղանոց սենյակ ենք պատվիրել, ասվեց` «Ինչ եք, ասում, ինձ նման բան չեն ասել»: Քոթեջի տեր ու տիրական տիկին Նանարը նախ ներողություն խնդրեց, թե` «Կներեք, դե հեռախոսով ենք աշխատում, երևի մի բան էն չեն ասել, կամ ես էն չեմ հասկացել, ամեն դեպքում, մենք ազատ սենյակ չունենք, կազատվի երկու օրից»: Երկու օրուկես չորսով այդ խցում կուչուհուպ գալուց ու արդեն հանգիստներս հարամ եղած համարելուց հետո, մեզ մի սենյակ էլ տրամադրվեց , ու ընկերուհիս իր մայրիկի հետ տեղափոխվեց այնտեղ, ուր մութ էր, ինչպես խավարում: Մնացած «բարեմասնությունների» մասին` հերթով:

Խոհանոցը: Երբեք աման լվալու հեղուկ կամ լաթ չի լինում, դրանք իրենց հետ քարշ են տալիս հանգստացողները: Երեք սառնարանից երկուսն է աշխատում: Երրորդը արտասահմանյան արտադրության նոր սառնարան է, որպես ցուցադրական նմուշ են պահում: Մյուսները հնոտի են` անդուռ սառցախցիկով, ժանգոտ հատվածներով ու երբեք չմաքրվող սառնարանին բնորոշ հոտով: Սրանց սառույցները հալվում են այն ժամանակ, երբ հոսանքն անջատվում է ու ջուրը հոսում-լճանում խոհանոցի հենց մեջտեղում` վարպետություն է պետք այն անվթար շրջանցելու համար:

Զուգարան-լոգարանը: Խոհանոցի օրինակով` ոչ թուղթ կա, ոչ օճառ: Անսարքություններն էլ մի առանձին «հմայք» են հաղորդում այս հաստատությանը: Զուգարանակոնքի տակից հոսող ջուրը, լոգարանի բորբոսնած վարագույրը, ցնցուղի ջարդված հենարանն ու էլի շատ բաներ ամեն անգամ հիշեցնում են, որ խաբված ես:

Անկողինները: Անցյալ դարի ներքնակներն ու բարձերը խոնավությունից ու կեղտից` մգլահոտ ու հնությունից` սմքած-փայտացած ավելի ձգում են գիշերդ` լույսի շուտ բացվելու սպասումով:

Մաքրությունը: Դրա մասին հավաստիացումներն էլ զրոյացան, երբ յոթ օրվա մեջ երկու անգամ միայն փոշահան արվեցին միջանցքներում փռած ուղեգորգերը, այն էլ` նոր հյուրեր ընդունելու առիթով:

Կարգապահությունը: Տիկին Նանարը միջանցքում ծխում է առավոտ, թե երեկո: Ասվեց` իր տունն է, ինչ կուզի` կանի, թքած, թե դու վճարել ես որոշակի ծառայությունների դիմաց, որի մեջ նաև քաղաքակիրթ հասարակությանը հարիր կանոններն են մտնում:

Գները: Ինչպես ասում են` ում ոնց կպցնեն: Մեկի համար սենյակը վեց հազար դրամ է, մի ուրիշի համար կարող է չորս հազար արժենալ: Կախված է, թե որքանով ես տեղյակ իրենց «ժուլիկություններին» ու տիրապետու՞մ ես, արդյոք, սակարկելու արվեստին: Հայկական տարբերակով` էսինչ տեղն եմ աշխատում, կամ սրա բարեկամն եմ: Ի դեպ, յոթ օրվա մեջ որևէ հանգստացողից չլսեցինք, թե ինքը գոհ է քոթեջի պայմաններից, ավելին` շատերը անկեղծացան, թե իրենց խաբված են զգում: Բայց հայի` լավամարդ դարձող ու միայն անկյուններում փնթփնթացող տեսակը ` «Զահլա չունեմ դրանց հետ, մյուս անգամ չեմ գա» տարբերակով յուրօրինակ արգելակ է հանդիսանում մեր սպասարկման ոլորտի համար: Իրենց գործարար համարող շատերը հարստանում են հասարակությանը խաբելու հաշվին, իսկ նույն հասարակությունը ձեռքը թափ տալով հեռանում է` պահանջելու փոխարեն: «Դոմինոյի» պաշտոնական` www.turistakan.am կայքից երևում է, թե ինչ մեծ գործունեություն է ծավալում այս ընկերությունը. շրջագայություններ թե Հայաստանի ներսում, թե դրսում` մասնավորապես Վրաստանում: Վստահ եմ, որ նրանք նույն «քցողական» տարբերակով վարվում են բոլորի հետ: Ու քանի դեռ մենք` ապառողներս սովորություն չունենք բողոքելու, նրանք մեր հաշվին շարունակելու են բարգավաճել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ